Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայաստանը չի հեռանում Ռուսաստանից»

«Հայաստանը չի հեռանում Ռուսաստանից»
28.11.2017 | 13:20

«Իրատեսի» զրուցակիցն է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Ձեր գնահատականով` կհաջողվի՞ Հայաստանին համատեղել եվրասիական ու եվրոպական վեկտորները:
-Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ ստորագրեց ընդլայնված և խորացած համագործակցության համաձայնագիր: Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտարարել են, գնացին այս քայլին մեր բարդ, հակասական, փխրուն անվտանգություն ունեցող տարածաշրջանում անվտանգության ու կայունության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակով: Ես բաց եմ թողնում համաձայնագրի փոխլրացնող մասը, որն իսկապես արտահայտում է Հայաստանի ցանկությունը, եվրոպական կառույցների աջակցությամբ եվրոպական հասարակություն ստեղծելու ձգտումը: ՈՒզում եմ խոսել այն բարդությունների ու հնարավոր մարտահրավերների մասին, որոնց մեր պետությունը պետք է դիմագրավի այս փաստաթղթի ստորագրումից հետո, եթե հանկարծ միջազգային իրադրության ճնշման պայմաններում մեր երկրում տեղի ունենա ոչ թե այս երկու ինտեգրացիոն վեկտորների համադրում, այլ մրցակցություն, առճակատում և բախում:
-Ի՞նչ է նշանակում` միջազգային ճնշում:
-«Ինտեգրացիա և զարգացում» վերլուծության ու հետազոտության հասարակական կազմակերպության անցկացրած ընթացիկ քաղաքական հետազոտության արդյունքով մենք հանգել ենք այն եզրակացության, որ մեր մոլորակը մեր օրերում գտնվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի՝ մի կողմից, և ՌԴ-ի՝ մյուս կողմից, քաղաքակրթական բախման, տնտեսական պատերազմի, արգելամիջոցների պայքարի բևեռում: Նախկին կանխատեսումները, որ 2020-ական թթ. վերջին արգելամիջոցները կարող էին հանվել և տեղը զիջել գործակցության միտումներին, ամենայն հավանականությամբ, չեն արդարանալու: Դեռ շատ երկար Արևմուտքն ու Ռուսաստանը կգտնվեն միմյանց հետ առճակատման պայմաններում: Այդ պայքարում Ռուսաստանը, որպես ավելի փոքր կողմ, գտնվում է պաշտպանվողի դիրքում` դրանից բխող հետևանքներով: Ռուսական քաղաքական իստեբլիշմենտը տրամադրված է տևական պայքարի, մի կողմից՝ փորձում է տնտեսական նոր քաղաքականության միջոցով երկիրը համեմատաբար ինքնաբավ դարձնել, քիչ կախված արտաքին միտումներից, մյուս կողմից՝ տևական ժամանակ է պետք` նկատի ունենալով, որ քաղաքակրթական առճակատումը ունի նաև Ռուսաստանին նոր տեխնոլոգիաներին մոտ չթողնելու, խտրական քաղաքականություն վարելու, Ռուսաստանի աշխարհաքաղաքական նկրտումները զսպելու նպատակ: Այդ պայմաններում հնարավոր է, որ Հայաստանի տարածքում Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը ոչ թե համադրվեն, այլ, կոմպլեմենտարիզմի ավարտի պայմաններում, բախվեն, և մեր գլխավոր խնդիրն է` թույլ չտալ, որ մեր երկիրը դառնա Ռուսաստանի դեմ հարձակումների քաղաքականության հարթակ: Վերջին երկուսուկես ամիսներին հայկական որոշ լրատվամիջոցների հակառուսական քարոզչությունը էապես նվազել է, բայց դա չի նշանակում, որ քարոզչություն չկա:
-Բայց կտրուկ ավելացել է հակահայկական քարոզչությունը ռուսական լրատվամիջոցներում:
-Ամեն ճնշում ծնում է հակաճնշում:
-Ո՞րն է եղել Հայաստանի ճնշումը:
-2015 և 2017-ին անցկացված հետազոտությունների արդյունքում ռուս փորձագետները պնդում են, որ Հայաստանը գտնվում է հակառուսական քարոզչության առաջին եռյակում աշխարհում: Այդ ցուցանիշները հրապարակված են, և որևէ գաղտնիք չկա: Դա չի արտահայտում Հայաստանի հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, բայց արտահայտում է որոշ արևմտամետ շրջանակների, արևմտամետ լրատվամիջոցների ցանկությունը` արջի ծառայություն մատուցել Արևմուտքին հակառուսական քարոզչության միջոցով:
-Որքանո՞վ են հավաստի ռուսական հետազոտությունների տվյալները:
-Մենք արել ենք նույն հետազոտությունը և ստացել նույն ցուցանիշները, որոնց տվյալները նույնպես հրապարակված են: 100-ից ավելի հակառուսական հրապարակումներ են եղել միայն 2017-ի գարնանը, դա եղել է արևմտամետ քաղաքական ուժերի և լրատվամիջոցների գործադրած ջանքերի արդյունքը` Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու նպատակով, և դա գրավել է Ռուսաստանի ուշադրությունը:
-Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, դա բավական չէ՞:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանն առարկություն չունի Հայաստանի` ԵՄ-ի հետ պայմանագիր կնքելու դեմ: Հայաստանում ոմանք դա չարամտորեն ընկալեցին որպես ՀՀ ներքին գործերին միջամտության փորձ: Իրականում այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր ռուսական քաղաքական, ռազմական, դիվանագիտական, խորհրդարանական և այլ ուժային կենտրոններին, որոնք փորձում էին միջազգային լարված հարաբերությունների պայմաններում նյարդային քայլերով պարզել` Հայաստանը իրոք հեռանու՞մ է Ռուսաստանից` ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիր, թե՞ ոչ: Համոզված եմ, որ Հայաստանը չի հեռանում և շարունակելու է պարտաճանաչ կատարել իր պարտավորությունները ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում, հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության մեջ: Արևմտամետ շրջանակների լրացուցիչ ջանքերը` Հայաստանում հակառուսական քարոզչություն ծավալելու և Հայաստանը հակառուսական քարոզչության կենտրոն դարձնելու ու Արևմուտքից լրացուցիչ դիվիդենդներ ստանալու համար, հանդիպելու են կոշտ դիմադրության, դառնալու են հանրային ամենալայն քննարկումների առարկա:
-Բայց ի՞նչ կապ ունի դա ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ:
-ԵՄ-ի հետ համաձայնագիրը շատ կոռեկտ է ձևակերպված, կային միայն որոշ դրույթներ, որ քննարկման կարիք ունեին:
-Նկատի ունեք ՀՀ ատոմակայանի՞ հարցը:
-Այո և ոչ միայն: Վերջին 40 տարիներին Հայաստանը, ունենալով զարգացած միջուկային ֆիզիկա և տեխնոլոգիապես առաջատար դիրքեր աշխարհում, ունի շատ լուրջ տեխնոլոգիական փորձ և դեր միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ասպարեզում: Այս ռեսուրսը չի կարելի փոշիացնել: Մենք ոչ թե սառը պատերազմում պարտություն կրած և աշխարհի հետնաբեմ շպրտված պետություն ենք, այլ փոքր պետություն ենք, որը փորձելու է իրականացնել իր բնական մրցակցային առավելությունները, այդ թվում` միջուկային էներգետիկան զարգացնելով: Ես համոզված եմ, որ շրջանակային համաձայնագիրը խթանում է մեզ առաջիկա 15 տարիներին փնտրել և գտնել նոր, ժամանակակից ստանդարտներով կառուցվելիք ատոմակայանի համար ռեսուրսներ: Ատոմակայան, որը կկազմի մեր էներգետիկ արտահանման լրջագույն մասը: Այսօր հայկական էներգետիկան զարմանալիորեն ներդաշնակ է` 1/3 միջուկային, 1/3 ջրային աղբյուրներից ծնվող և 1/3` ջերմային: 10 տարի հետո մեր աէկ-ի շահագործման ժամկետը կլրանա և ստիպված ենք լինելու կամ շեշտը դնել այլընտրանքային, վերականգնվող էներգիայի օգտագործման վրա, որ կբարձրացնի էլէներգիայի սակագինը և մեզ կդարձնի ոչմրցակցային եվրասիական էներգետիկ շուկայում, կամ պիտի մտածենք նոր աէկ-ի կառուցման մասին: 2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը կա 4-րդ գումարման ԱԺ առաջին նիստում նոր աէկ-ի կառուցման անհրաժեշտության մասին:
-Որն այդպես էլ մնաց թղթի վրա:
-Չմնաց, ջանքեր գործադրվեցին, բայց արդյունք չեղավ` ֆինանսատնտեսական ճգնաժամի երեք ալիքները մեզ հետ շպրտեցին այդ նպատակից: Համոզված եմ, որ աէկ-ի կառուցումը պիտի դառնա ազգային խնդիր:
-Ի՞նչ պարտադիր է, որ նոր աէկ-ը լինի նորից ռուսական տեխնոլոգիայով, առավել ևս, որ Հայաստանում կա ուրան և ինքներս կարող ենք հումքն ապահովել:
-Բոլորովին պարտադիր չէ: Նախորդ 10 տարիներին Հայաստանի էներգետիկները երկխոսության մեջ էին և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի ընկերությունների հետ` 1/3 ռուսական, 1/3 եվրոպական,1/3 ամերիկյան մասնաբաժնով աէկ-ի կառուցման համար: Բայց ծրագիրը ձախողվեց: Նորից բանակցելը ճաշակի հարց է: Նոր աէկ-ում կլինեն ռուսական ու չինական ընկերությունները:
-Որտե՞ղ մնաց ատոմային էներգետիկայի դիվերսիֆիկացիան:
-Մեզ մնում է գտնել ֆինանսավորող և բանակցել նրա հետ:
-ՀՀ-ԵՄ համաձայնագրում դրված է նաև մոնոպոլիաների վերացման ու հավասար մրցակցային դաշտ ստեղծելու հարցը, ու` ի՞նչ:
-Այո, համաձայնագրից բխող երկրորդ հարցը բնական մոնոպոլիաների դեմ պայքարն է, որ վերաբերում է հայկական երկաթուղիների կառավարմանը, որ 49 տարով հանձնված են ռուսական ընկերություններին, և «Գազպրոմ-Արմենիայի» գործունեությանը: Երբ խոսում ենք նրանց մոնոպոլիայի կրճատման, ներմրցակցային դաշտ տեղափոխելու մասին, պետք է հայտարարենք մրցույթ և հրավիրենք երկրորդ, երրորդ ընկերությունների: Չզարմանաք, եթե երկրորդ-երրորդն էլ լինեն ռուսական ընկերություններ: Իրականությունը լինելու է այնպես, ինչպես անցած 25 տարիներին էր, Արևմուտքը մերժել ու մերժելու է այդ ասպարեզներում ներդրումները:
-Համաձայն չեմ, ազատ մրցակցության դեպքում Արևմուտքը չի մերժի:
-Կապրենք` կտեսնենք:
-Կապրենք` կտեսնեք: Չե՞ք կարծում, որ արևմտյան արժեքների սխալ ընկալում կա:
-ՀՀ-ԵՄ համաձայնագրից ուղղակի չի բխում, բայց ակնհայտ է, որ որոշ դերակատարներ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անվան տակ առաջ են մղում կասկածելի, լիբերտարյան արժեքներ: Նախորդ 25 տարիներին Հայաստանը եվրոպական օգնությամբ իրականացրել է բարեփոխումներ, որոնք խորացնելու խնդիրը չի նսեմացնում այն հանգամանքը, որ մենք ավանդական դեմոկրատիայի սկզբունքներն ընդունել ենք ու ապրում ենք այդ սկզբունքներով: Մեզ հիմա տեղափոխում են մի դաշտ, որ մերժելի արժեքներ է տալիս: Օրինակ` միասեռական ամուսնություններ, երեխաների որդեգրում միասեռական ընտանիքում, երեխաներին ընտանիքից անջատել ու ապաստարան տեղափոխել, յուվենալ արդարադատություն, հանրակրթական դպրոցներում միասեռականության քարոզ… Սրանք խնդիրներ են, որ հանդիպել ու հանդիպելու են հայ հասարակության վճռական դիմադրությանը: Արևմտյան այս կասկածելի արժեքների նկատմամբ կա մեծ դիմադրություն մեր երկրում և պետք չէ իզուր բզբզել:
-Նույնը եղավ Վրաստանում, և վրացիները հանգիստ մերժեցին:
-Մեզ մոտ էլ չի ընդունվելու, բայց լինելու են հորդորներ, ճնշումներ, եղել են ֆինանսական միջոցներ` այդ քարոզչության համար: Ես կարծում եմ, որ իշխանություններն այս ծրագրերը խորհրդարանին ներկայացնելուց առաջ նորից կմտածեն և չեն գնա հասարակությունը երկփեղկելու, ներքին ատելություն ու խորթացում ստեղծելու ճանապարհով, այլ կնպաստեն համախմբված հասարակության և քաղաքացիական համերաշխության ստեղծմանը: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում եվրոպական ու եվրասիական վեկտորները համատեղվեն, ինչպես հայտարարում են իշխանությունները, ջանքեր պիտի գործադրենք, որ մեր երկրում հույզերի հիման վրա քաղաքական բարեփոխումները հակասությունների մեջ չմտնեն մեր երկրի խորքային շահերի հետ: Մենք 2017-ին նշում էինք ռուսական փետրվարյան ու հոկտեմբերյան հեղափոխությունների 100-ամյակները: Մեր հասարակության մեջ զարմանալիորեն քաղաքական երկխոսություն ու բանավեճ չեղան այդ թեմայով:
-Ռուսները առավել քան ձեռնպահ էին իրենց հեղափոխությունների պատճառներն ու հետևանքները գնահատելուց: Ինչու՞ միայն մենք:
-Այդ իրադարձությունների ողբերգական հետևանքներն ամենից շատ են արտահայտվել հայոց պատմության վրա: 2018-ին մենք նշելու ենք հայկական առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը: Սա նոր ու լրացուցիչ հնարավորություն է, որ մենք ուսումնասիրենք մեր պատմության ողբերգական էջերը, որ մեր երկիրը դարձրին անպաշտպան արտաքին ազդեցությունների առաջ:
-Շնորհիվ բոլշևիկների:
-Համաձայն չեմ: 2018-ին մենք պետք է պատմական, քաղաքական, բանասիրական, երկրագիտական, քաղաքագիտական հրապարակումներով պատասխանենք բաց մնացած հարցերին և դառնանք արտաքին ազդակներից պաշտպանված, արտաքին ազդեցություններին հաջողությամբ դիմակայող, կենսունակ հասարակություն` հանուն անկախ Հայաստանի հարատևման: Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ` մեր իրար հետ հաճախ չհամընկնող տարբեր արդյունքներ վկայող սոցիոլոգիական հետազոտությունները ոչ թե պետք է քննարկել` ո՞րն է ճիշտ, ո՞րը սխալ կտրվածքով, այլ Հայաստանի հասարակությանը պետք է պատրաստել հայ-ռուսական հարաբերությունների ակտուալացմանը, նրանց տալ ժամանակակից գիտելիքներ: Այն գիտելիքները, որ ունեն այսօրվա 40-50-60 տարեկանները, 20-30 տարեկանները չունեն:
-Չե՞ք կարծում, որ նույն ակտուալացման խնդիրը ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանն ունի:
-Ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, երիտասարդները պետք է ունենան իրականությանը համարժեք գիտելիքներ ու պատկերացումներ:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ